Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ գործող կարգավորումներում առկա են մի շարք ձևակերպումներ, որոնք խոչընդոտում են գործընթացներին:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 25-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով սահմանվել է նաև, որ ինքնակարգավորվող կազմակերպությունները պետք է ներկայացնեն գործողությունների ծրագիր՝ տարեկան ապահովելով մոտավորապես 80 տոկոս կատարողական: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ այն դառնալու է պարտադիր պահանջ Կադաստրի կոմիտեում ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ներկայացվել են որոշ դիտարկումներ, որոնց վերաբերյալ իրականացվել են բովանդակային երեք փոփոխություններ: Նախագիծը լրացվել է նոր հոդվածով, ըստ որի՝ անձին որպես գնահատող հաշվառելու կապակցությամբ նախատեսվել է բացառություն այն դեպքերի համար, երբ լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ:
Լրացվել են օրենքում բացակայող գնահատողների՝ ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ամենամյա հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ իրավադրույթները. մասնավորապես՝ ամենամյա հաշվետվությունների հասկացությունը, ներառման ենթակա տվյալները, ներկայացման ժամկետները:
Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության, ոլորտի կայացման և զարգացման վերաբերյալ:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: