Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպման քննարկումների կենտրոնում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ կողմից ներդրված ջանքերը։ Արարատ Միրզոյանը ընդգծել է պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրության և այդ տարբերակով պայմանագրի ստորագրման առաջարկի՝ ՀՀ-ի կողմից ներկայացման հիմքում դրված կառուցողական մոտեցումը։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի։