Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի պատգամավորների հետ աշխատանքային այցով եղել է Գերմանիայում՝ տարբեր հանդիպումների շրջանակում քննարկելու աշխատանքի և զբաղվածության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են Գերմանիայի աշխատաշուկայի մարտահրավերներին, սոցիալական գործընկերության ոլորտում իրականացվող քաղաքականությանը։ Տարբեր գերատեսչություններում կազմակերպված քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել ոլորտային ծրագրերին և նախագծերին՝ ճկուն աշխատաժամանակի, աշխատանքային անվտանգության, խտրականության բացառման և հավասար հնարավորությունների վերաբերյալ։
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ․ կայացել են նաև մի շարք հանդիպումներ Բունդեսթագի պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Մաթիաս Փափենդիքի, ինչպես նաև զբաղվածության գործակալության ներկայացուցիչների հետ։
Նախարարի տեղակալը մանրամասնել է 2023 թ. Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ բարեփոխումները, խոսել նաև նախատեսվող փոփոխությունների և Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունների մասին: Այս համատեքստում կարևորվել է նաև սոցիալական գործընկերությանը, մասնավորապես՝ պետություն-գործատու-արհեստակցական միությունների գործունեությանն առնչվող հարցերը։ Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ոլորտային համագործակցությունը:
Այցը կազմակերպվել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից։