ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ընթացող պատերազմին, Գազայում իրավիճակին և Իսրայելի ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողություններին:
«Ես կոչ եմ անում բոլորին՝ կանգնել Ուկրաինայի կողքին։ Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ: Նա փորձել է թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն ՆԱՏՕ-ն այսօր ավելի միասնական է, քան երբևէ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել շարունակել աջակցությունը Կիևին, որպեսզի Ուկրաինան ազատ մնա:
Բայդենը նաև կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ ավարտին հասցնել ամիսներ առաջ սկսված հրադադարի առաջարկի ուղղությամբ աշխատանքը: «Այժմ ժամանակն է, որ կողմերը լրամշակեն դրա պայմանները»,- ասել է Բայդենը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ կնքված համաձայնագրին:
Նրա խոսքով՝ այն թույլ կտա պատանդներին տուն վերադարձնել, ապահովել Իսրայելի անվտանգությունը և Գազան ազատել ՀԱՄԱՍ-ից ու թեթևացնել Գազայի բնակիչների տառապանքները:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իսրայելի և «Հըզբոլլահ» խմբավորման միջև հակամարտության դիվանագիտական լուծումը ևս հնարավոր է:
«Ոչ ոք շահագրգռված չէ լայնամասշտաբ պատերազմով»,- ասել է Բայդենը: