Նյու Յորքում ՄԱԿ 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկու երկրի հարաբերությունները, Մերձավոր Արևելքում իրավիճակը, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Էրդողանն ընդգծել է Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ագրեսիայի դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը։ Նախագահները նաև համաձայնել են ընդլայնել երկկողմ գործակցությունը: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկայում Անկարա-Թեհրան կապերն ավելի կզարգանան։
Փեզեշքիանն էլ շեշտել է, որ իսլամական երկրների պայծառ ապագայի համար անհրաժեշտ է միասնական լինել:
«Տարածաշրջանում ընդհանուր շուկայի ստեղծումը, ինչպես նաև գիտական, տնտեսական կապերի զարգացումը կարող է ամբողջ աշխարհին ցույց տալ իսլամական աշխարհի մեծությունը»,- նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Գազայի հատվածում կատարվող հանցագործությունները կրկնվեն: