«Հըզբոլլահը» պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, թիրախում են եղել ռազմական բազաները և օդանավակայանները՝ հայտնում են արաբական լրատվամիջոցները: Հայֆա նավահանգստային քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել: Լիբանանից հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելում մինչև սեպտեմբերի 30-ը արտակարգ դրություն է սահմանվել:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» շուրջ 1300 թիրախի: Պայթյուն է լսվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկ էլ իսրայելական հրթիռակոծության հետևանքով երկրում զոհերի թիվը հասնում է 500-ի, և 1600-ից ավելի մարդ վիրավորվել է: Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրությում, մարդիկ զանգվածաբար տարհանվում են:
ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին վստահեցրել է, որ իսրայելական կողմը ջանքեր է գործադրել՝ մեղմելու խաղաղ բնակչությանը հասցվող վնասը, և հարվածներից առաջ նախազգուշացրել է քաղաքացիներին՝ հեռանալ անվտանգ վայրեր: Միաժամանակ, իսրայելական կողմը չի բացառել Լիբանանում ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը:
Իսրայելի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ը թիրախավորում է «Հըզբոլլահի» ենթակառուցվածքը, որը շարժումը ստեղծել է 20 տարի: «Պատրաստվում ենք հաջորդ փուլերին, որոնց մասին շուտով մանրամասներ կներկայացնենք։ Մեր նպատակը անվտանգային սպառնալիքները վերացնելը և Իսրայելի հյուսիսի բնակիչներին տուն վերադարձնելն է»,- ասել է Հերզի Հալևին:
Իսրայելի վարչապետն էլ ուղերձով դիմել է Լիբանանի ժողովրդին: «Իսրայելը ձեր դեմ չի պատերազմում: Մեր կռիվը «Հըզբոլլահի» դեմ է: Նրանք ձեզ որպես կենդանի վահան են օգտագործում: Թույլ մի՛ տվեք, որ «Հըզբոլլահը» վտանգի ձեր կյանքը»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն: