Կրեմլից արձագանքել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը այն մասին, որ պատերազմը մոտ է ավարտին:
Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի, երբ Ռուսաստանը այս կամ այն միջոցով հասնի իր բոլոր նպատակներին՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը շեշտել է՝ դրան այլընտրանք չկա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման նոր պայմաններ էր առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից: Նաև, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, հայտարարի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ պետք է չեղարկվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս: Կիևը և նրա արևմտյան դաշնակիցներն անիրատեսական վերջնագիր են որակում Մոսկվայի պահանջները: