ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությամբ, Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:
«Կարևորել ենք Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրել, որ կա երկուստեք քաղաքական կամք` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Քննարկել ենք բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ և կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը` ընդհանուր օրակարգերի առաջխաղացման համար: Պայմանավորվել ենք համատեղ աշխատել` ի հայտ բերելու և զարգացնելու համագործակցության նոր ոլորտներ: Եվս մեկ անգամ արձանագրել ենք` Կիպրոսը Հայաստանի կողքին է, Հայաստանը` Կիպրոսի»,- գրել է նա: