2024 թվականի սեպտեմբերի 13-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել էր Մերձավոր Արևելքի ինստիտուտում (ՄԱԻ)՝ որտեղ մասնակցեց ՄԱԻ Սևծովյան ծրագրի հետազոտողների հետ քննարկմանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Չորս հետազոտողներից երեքը ներկայացրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, իսկ մեկը՝ Ռումինիայի պաշտպանական և ռազմական արդյունաբերության, ինչպես նաև ՀՀ և Ռումինիայի միջև այդ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ իրենց հետազոտությունների արդյունքները: Դեսպանի և հետազոտողների միջև քննարկումը և հարցուպատասխանի հատվածը վարեց Սևծովյան ծրագրի ղեկավար դոկտոր Յուլիա-Սաբինա Ժոժան:
Դեսպան Մակունցը երախտագիտություն հայտնեց հետազոտությունների արդյունքները ներկայացնելու համար: Ընդգծելով Հայաստանի կառավարության հանձնառությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման գործում, ողջունեց վերջիններիս ներդրումն՝ ուղղված տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ընկալման խորացմանը, հատկապես՝ Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջաններում առկա մարտահրավերների համատեքստում։
ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Սևծովյան ծրագիրն աջակցում է ամերիկյան հետազոտողներին, ովքեր հետազոտություններ են իրականացում Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ: Տարածաշրջանի երկրներ այցերով, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող, տարածաշրջանային փորձագետների հետ համագործակցության միջոցով Ծրագիրը նպատակ ունի խորացնել տարածաշրջանի ռազմավարական կարևորության ընկալումը և նպաստել տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը:
Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս հետազոտողներին այցելել տարածաշրջանի երկրներ՝ ելնելով իրենց հետազոտության թեմաներից: 1946 թվականին հիմնադրված Մերձավոր Արևելքի ինստիտուտը Վաշինգտոնում գործող և բացառապես Մերձավոր Արևելքի ուսումնասիրությամբ զբաղվող ամենահին վերլուծական կենտրոնն է, որն առաջարկում է քաղաքականության փորձագիտական վերլուծություն, կրթական նախաձեռնություններ, մասնագիտական զարգացման ծրագրեր և ծառայում է որպես տարածաշրջանի արվեստի և մշակույթի կենտրոն։