ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ հստակ քաղաքական կամքը՝ արտահայտված նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկում։
Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։
Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր, դիտարկվել են փոխգործակցության հեռանկարները՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումներին:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր լեհ գործընկրոջը ցավակցություն է հայտնել վերջին շրջանում Լեհաստանում ջրհեղեղների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։