Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ին գումարված նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
Հիմնական զեկուցողի խոսքով գործող օրենքում բացակայում են մի շարք արդի պահանջներին համապատասխանող դրույթներ: Բացերը լրացնելու նպատակով առաջարկվում է լրացնել հասկացությունների հոդվածը: Արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի, պեստիցիդների և ագրոքիմիկատների հոդվածները տարանջատվել են և արդիականացվել՝ սահմանելով գրանցման պարզեցված ընթացակարգեր, առանց կրկնակի փորձարկումների: «Կառավարության կողմից կսահմանվեն դեպքեր Եվրամիության և այլ զարգացած պետությունների կողմից գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների համար, ինչպես նաև օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված կենսաբանական ծագման պեստիցիդների և ագրոքիմիկատների ֆերոմոնների համար առանց գրանցող երկրի գրանցման համարի վերաբերյալ տեղեկատվության»,- նշել է փոխնախարարը:
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են իրավական կարգավորումներ, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում արտադրված կամ գրանցված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ՀՀ կարող են ներմուծվել առանց փորձաքննության՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների ու ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը և կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծումը:
Փոխնախարարը նշել է, որ պատգամավորների կողմից արված դիտարկումները հաշվի են առնվել և առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կշտկվեն:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: