Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 300 թիրախի: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ Ռազմական գործողությունների բռնկումից հետո Իսրայելը խաղաղ բնակիչներին կոչ է արել տարհանվել այն տարածքներից, որտեղ զինված խմբավորումները զինամթերք են պահում: Լիբանանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան ու հարավային շրջաններում դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։ Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին էլ կարգադրել է վաղվանից դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամեր առաջ հայտարարել է, որ երկրի զինված ուժերն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն երկրի հյուսիսային ուղղության վրա, որտեղից Հեզբոլլահը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ: Նեթանյահուն միասնության կոչ է արել՝ նշելով, որ հարավային Լիբանանում գործողությունները նպատակ ունեն փոխել ուժային հավասարակշռությունը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։