Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ ամերիկյան պատժամիջոցները խաթարում են Անկարայի վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Նա հավելել է, որ ամերիկյան CAATSA օրենքի համաձայն՝ սահմանված պատժամիջոցները և Անկարայի հեռացումը F-35 կործանիչների ծրագրից, «հակասում են ՆԱՏՕ-ի ոգուն»։
Օգոստոսի 28-ին Cumhuriyet թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան որոշել է հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից՝ հօգուտ ամերիկյան F-16 կործանիչների գնման։ Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները թուրքական կողմին պետք են՝ Հունաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։