Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ «ի պատասխան ողջամիտ օրինական հարցումների»,- ասել է Պավել Դուրովը իր Telegram ալիքում։ Այս փոփոխությունները ներառված են ծառայության թարմացված պայմանների և գաղտնիության քաղաքականության մեջ: «Այս միջոցները պետք է զսպեն հանցագործներին։ Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու համար, այլ ոչ թե անօրինական ապրանքներ գովազդելու»,- գրել է Telegram-ի հիմնադիրը։
«Հանցագործներին Telegram Search-ի չարաշահումից հետագայում հեռու պահելու համար մենք թարմացրել ենք մեր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը»,- ասել է Դուրովը և նշել, որ «ամբողջ խնդրահարույց բովանդակությունները, որ հայտնաբերել ենք մեր որոնումների միջոցով, այլևս հասանելի չեն»:
Սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան Դուրովը, առաջին անգամ մեկնաբանելով Փարիզում իր ձերբակալությունը, խոստացել էր բարելավել Telegram-ի աշխատանքը հանցագործների դեմ պայքարի շրջանակում, որոնք չարաշահում են մեսենջերի աշխատանքը: «Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը մինչև 950 միլիոն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար ավելի հեշտ են դարձրել մեր հարթակը չարաշահելը։ Այդ իսկ պատճառով ես իմ առջև նպատակ եմ դրել էապես բարելավել իրավիճակը»,- գրել է նա՝ պարզաբանելով, որ նման աշխատանք արդեն իրականացվում է Telegram-ում, և խոստացել է շուտով ներկայացնել առաջընթացը։