ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ եթե պարտվի նոյեմբերի ընտրությունում, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։
ԱՄՆ-ում, օրենքի համաձայն, անձը չի կարող երկու ժամկետից ավելի նախագահ լինել, ուստի հաղթելու դեպքում էլ Թրամփը չի կարողանա կրկին առաջադրվել 2028 թվականին, գրում է գործակալությունը։
BBC-ն նկատել է, որ նախկինում Թրամփը շատ հազվադեպ էր խոսում ընտրությունում պարտության հնարավորության մասին: Իր կողմնակիցների հետ ելույթներում և սոցիալական ցանցերում արված գրառումներում նա գրեթե միշտ վստահորեն հայտարարել է իր մոտալուտ հաղթանակի մասին։ Սակայն վերջին չորս օրվա ընթացքում նա արդեն երկու անգամ ընդունել է պարտվելու հավանականությունը։
Առաջին անգամ նման հայտարարություն Թրամփն արել է հինգշաբթի՝ Իսրայելա-ամերիկյան խորհրդի միջոցառման ժամանակ։ Ընդ որում, նա նշել է, որ իր պարտության համար մասամբ մեղավոր կլինեն ամերիկացի հրեաները՝ իրենց ձայները տալով իր հակառակորդին։
Այս հայտարարությունը դատապարտել են Քամալա Հարիսի նախընտրական շտաբը և անկուսակցական կազմակերպությունները՝ Ամերիկայի հրեական կոմիտեն և Հակադիֆամացիոն լիգան:
Ըստ համազգային վերջին հարցման, որի արդյունքները կիրակի հրապարակել է CBS-ը, Հարիսը ստացել է 52% ձայն, Թրամփը՝ 48%։ Առանցքային «տատանվող նահանգներում» Հարիսն առաջատար է՝ 51%-ով՝ Թրամփը՝ 49%: