Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել նորընտիր խորհրդարանում: Նա հայտարարել է, որ իրենց «թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է»։ Ալիևի խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտությունների, պատերազմների նոր օջախների առաջացումը և Ադրբեջանի շուրջ լարվածության աճը, ինչպես նաև, նրա բնորոշմամբ, Հայաստանում ռևանշիստական միտումները ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել այդ ոլորտին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամրանում է «պայմանական սահմանին»՝ քանի որ Հայաստանից, իբր, ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք։
«Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ է անցկացնում արտասահմանյան երկրների, ընդ որում՝ խոշոր պետությունների հետ։ Արևմտյան երկրները զենք-զինամթերք են մատակարարում Հայաստանին։ Այսինքն՝ միանգամայն ակնհայտ են որոշ արևմտյան պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը»,- ասել է Ադրբեջանի նախագահը և հավելել, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել շանտաժի և վերջնագրի լեզվով։
«Մենք պատրաստ ենք, կարող ենք տալ ցանկացած պատասխան և միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- շեշտել է նա: