Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառված է 319 մարդ։
Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։
Հասանովը Turan-ին հայտնել է, որ նախորդ ցուցակից դուրս է մնացել «հավատացյալներ» կատեգորիայից երկու մարդ՝ Ալիկ Ասլանովը և Էլշան Աբասովը։ Միաժամանակ ցուցակը համալրվել է 18 նոր քաղբանտարկյալով։
Հասանովի խոսքով՝ ցուցակում ներառված 319 քաղբանտարկյալը դասակարգված է 10 խմբի, հայտնվել է ևս երկու նոր խումբ՝ «Ազգային փոքրամասնությունները» և «Հակապատերազմական ակտիվիստները»: Առաջին խմբում են ներառվել թալիշ ժողովրդի երկու ներկայացուցիչներ՝ բլոգեր Ասլան Գուրբանովը և Ռուսլան Վահաբովը։
«Լրագրողներ և բլոգերներ» խմբում ընդգրկված է 18 անձ, «Իրավապաշտպաններում»՝ 3, «Ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներում»՝ 30: 5 հոգի կա «Գերմանիայից արտաքսված քաղաքական գաղթականներ» խմբում, 7-ը՝ «Թարթառի գործով դատապարտվածներում», 13-ը՝ «Գյանջայի գործով դատապարտվածներում», ևս 11-ը՝ «Ցմահ ազատազրկվածներում»։ «Հավատացյալների» խումբը դարձյալ ամենամեծն է՝ 227 քաղբանտարկյալ:
Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը։