Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելել է իր զինծառայողներին օգտագործել հաղորդակցության ցանկացած տեխնիկական միջոց՝ Լիբանանում փեյջերների մի շարք պայթյուններից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ Իրանի անվտանգության ծառայությունների երկու բարձրաստիճան ներկայացուցիչներին հղումով։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ ԻՀՊԿ-ը լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ստուգելու բոլոր սարքավորումները: Ըստ աղբյուրի՝ սարքերի մեծ մասը կա՛մ ինքնաշեն է եղել, կա՛մ ներմուծվել է Չինաստանից ու Ռուսաստանից։
Մեկ այլ անանուն պաշտոնյա հավելել է, որ Իրանը մտահոգված է իսրայելական գործակալների ակտիվությամբ և արդեն հետաքննություն է սկսել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջին և բարձր օղակի անդամների շրջանում:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի վեց նահանգում բացահայտել էր 12 իսրայելական գործակալի, որոնք ծրագրել էին գործողություններ իրականացնել՝ ապակայունացնելու պետության ներքին իրավիճակը: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։