Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր վեհաժողովը մերժել է Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու` Ղրղզստանի առաջարկը։ Այն բավարար ձայներ չի ստացել, պատժամիջոցների ամբողջական վերացմանը կողմ է քվեարկել 21 պատվիրակ, դեմ՝ 41 երկիր, իսկ 27-ը ձեռնպահ են մնացել կամ բացակայել, հայտնում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Բուդապեշտում ընթացող Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել, որպեսզի ՖԻԴԵ-ի խորհուրդն ուսումնասիրի մինչև 12 տարեկան կամ սահմանափակ հնարավորություններով ռուս և բելառուս խաղացողներին մրցումներին ընդունելու հնարավորությունն ու այդ մասին խորհրդակցություններ անցկացնի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ, հաղորդում են AFP և Reuters գործակալությունները:
Ռուսաստանը և Բելառուսը ՖԻԴԵ-ից հեռացվել են 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմից հետո, ինչը փաստացի նրանց զրկել է միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորությունից։
2024 թվականի հունիսին էլ, Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի բողոքը հիմք ընդունելով, ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը երկու տարով Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային զրկել է կազմակերպությանն անդամակցությունից։ Սակայն 2 ամիս անց էթիկայի հանձնաժողովի բողոքարկման պալատը չեղյալ է հայտարարել հունիսյան որոշումը՝ փոխարենը Ռուսաստանին տուգանելով 45 հազար եվրոյով: