Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի «Ապագայի գագաթնաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ընդլայնելով բազմակողմանիությունը հանուն միջազգային խաղաղության և անվտանգության» խորագրով ինտերակտիվ երկխոսությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա խարսխված արդյունավետ բազմակողմ համակարգին։ Անդրադառնալով գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթերին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է դրանցում մարդու իրավունքների պաշտպանության վերահաստատման կարևորությունը՝ որպես միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանության և կայուն զարգացման առանցքային նախադրյալ։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության կարողությունների ամրապնդումը՝ անվտանգության, հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակի մոնիթորինգի, փաստերի հավաքագրման ու գնահատման միջոցով հնարավոր զինված հակամարտությունների վաղ ազդանշաններն ի հայտ բերելու նպատակով։ Վահան Կոստանյանը շեշտել է ցեղասպանությունից, պատերազմական հանցագործություններից, էթնիկ զտումից և մարդկության նկատմամբ հանցագործություններից բնակչության պաշտպանությանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ընդլայնման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կանանց և երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը խաղաղության գործընթացներում, ինչպես նաև իրավահավասար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման գործում։