Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ այցելել է Սյունիքի մայրաքաղաք պատմական Կապան քաղաքի արքայանիստ միջնաբերդ, որտեղ ավարտվում է հնագիտական հետախուզական աշխատանքների առաջին փուլը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Աշխատանքները մեկնարկել են մարզպետի նախաձեռնությամբ՝ «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» ու «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։ Հնագիտական աշխատանքներն իրականացնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։
Ռոբերտ Ղուկասյանին ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, մարզպետի աշխատակազմի անդամներ։
Տարածքը մաքրվել է բուսածածկույթից, բացվել են որոշ հատվածներ, սակայն հնագիտական խոր շերտերի բացման, պատմամշակութային գիտական ուսումնասիրությունների, պեղումների մեծածավալ աշխատանքների հաջորդ փուլերը դեռ առջևում են։
Ռոբերտ Ղուկասյանը նշեց․
«Արդեն երկու տարի է՝ այստեղով անցնելիս միշտ մտածում էի, թե երբ պետք է սկսենք․ այս տարի նախնական ու մեկնարկային հնագիտական աշխատանքներ են իրականացվել համոզվելու համար, որ սա հենց այն է, ինչ ենթադրվում էր, նաև հուշարձանի ծավալները հասկանալու համար, ու համոզվեցինք, որ, իրոք, խոսում ենք միջնադարյան քաղաքի մասին։ Բացի պատմամշակութային մասից, կարևոր է նաև Կապանի համար ունենալ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի ուղղություն, որը յուրահատուկ կլինի այս տարածքին։ Թե՛ գիտական, թե՛ տնտեսական առումով հուշարձանի ապագան որոշելու համար հանդիպումներ կունենանք և արդեն հաջորդ տարվա համար աշխատանք կծրագրենք»։
Արշավախմբի ղեկավար, հնագետ Գագիկ Սարգսյանը մի շարք մասնագիտական մեկնաբանություններով բացատրեց, թե ինչ հիմքերից ելնելով են փաստում, որ սա 9-10-րդ դդ․ կառույց է, որ ոչ թե սովորական բազմասենյականոց համալիր է, այլ պալատ։ Հնագետը ցույց տվեց նաև բացված փոքր աղոթատեղին, պարիսպները, օժանդակ կառույցների հետքեր, նշեց, որ այդ տարածքում կան բազում կացարաններ, որոնք ըստ ամենայնի եղել են հին Կապան քաղաքի մաս, իսկ միջնաբերդից հսկվել ու կառավարվել է այն։ Կառույցը երեսպատված է եղել սպիտակ խեցաքարերով (այդպիսիք հանդիպել են նաև Վահանավանքում), որոնցից մասնիկներ են միայն պահպանվել։
Նշենք , որ նոր պեղվող ու դեռ բացահայտումներ խոստացող, կապանցիներին դեպի 1000 տարի հետ ու պատմական քաղաք վերադարձնող հուշարձանը գտնվում է հին Ջրախոր գյուղի տարածքում։