Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը շարունակել համատեղ քայլերով երկկողմ օրակարգը հարստացնել նոր ոլորտներով: Այս համատեքստում մատնանշվել են հատկապես զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որոնց ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանը և Չեռնոգորիան ձևավորում են համապատասխան իրավապայմանագրային դաշտ:
Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով ԵՄ-ի հետ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների, վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության և օրակարգային այլ հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին: