Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրել են Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը:
«Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող աշխատանքային պայմանավորվածությունն է:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծեց, որ այս կարևորագույն փաստաթուղթն արդարադատության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման կարևոր ուղենիշ է:
Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման ճանապարհին, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը և համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ համագործակցության հարցերով դատախազի միջոցով Հայաստանի Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և անդամ չհանդիսացող երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հետևաբար նաև հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:
Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը նշեց, որ համաձայնագրի ստորագրմամբ և համագործակցության հարցերով դատախազի նշանակմամբ՝ Հայաստանը հասանելիություն կունենա Եվրաջասթի գերժամանակակից գործերի վարման համակարգին, քննչական համատեղ թիմերին, ապացույցների փոխանակման հարթակին, գիտելիքի կառավարման համատեղ հարթակին, որոնք ամբողջովին նոր հնարավորություններ են հանցավորության դեմ պայքարում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը (նախկին ՀՀ արդարադատության նախարար), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը և այլք:
«ՀՀ և ԵՄ-ի միջև քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրվել է 2024 թ. ապրիլի 5-ին՝ Բրյուսելում։ ՀՀ ԱԺ-ի կողմից համաձայնագիրը վավերացվել է 2024 թ. սեպտեմբերի 13-ին և ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից»,- ասված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: