ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ ընկերությունների կողմից 2021-2022 թվականների ընթացքում պարբերաբար Վրաստանից ձեռք են բերվել և Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ապրանքներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքներ, որոնց համար ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերով հաշվարկվել և պետական բյուջե են վճարվել առաջացած ԱԱՀ գումարները:
Ընդհանուր 16 ներմուծումով հիշյալ ՍՊ ընկերությունների կողմից՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծում, հայտարարագրվել է ընդհանուր 285.243.187 ՀՀ դրամ ինվոյսային արժեք, որից հաշվարկվել է ընդհանուր 35.995.418 ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ, սակայն փաստացի ներմուծված ապրանքների արժեքը, Վրաստանում ձեռք բերված հաշիվ-ապրանքագրերի համաձայն, կազմել է ընդհանուր 782.955.297 ՀՀ դրամ, որից պետք է հաշվարկվեր և պետական բյուջե վճարվեր ընդհանուր 176.714.783 ՀՀ դրամ մաքսային վճար:
Արդյունքում՝ «Ա.Տ…» ՍՊ ընկերության կողմից 3 ներմուծումով պետությանը պատճառվել է 12.527.358 ՀՀ դրամի վնաս, «Ս…» ՍՊ ընկերության կողմից՝ 7 ներմուծումով՝ 37.614.235 ՀՀ դրամի վնաս, «Հ.Վ.» ՍՊ ընկերության կողմից՝ 8 ներմուծումով՝ 53.906.882 ՀՀ դրամի վնաս, իսկ «Ա.» ՍՊ ընկերության կողմից՝ 6 ներմուծումով պետությանը պատճառվել է 36.670.890 ՀՀ դրամի վնաս: Հիշյալ 4 ընկերությունների կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 140.719.365 ՀՀ դրամ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ ընկերությունների պատասխանատու անձանց կողմից 2024 թ. պետական բյուջե է վճարվել 109.000.000 ՀՀ դրամ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: