ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու և պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարևոր առաքելության իրականացման գործում:
Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցության վկայությունն է ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում, ինչը կարևոր է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում:
Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ խորհրդարանների միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված, երկկողմ հարաբերություններն արտացոլված են ինչպես նախագահների, այնպես էլ բարեկամական խմբերի հաճախակի հանդիպումների տեսքով:
Ի թիվս բարեկամական խմբերի միջև համագործակցության շրջանակում կայացած հանդիպումների՝ ԱԺ նախագահի տեղակալը հիշատակել է 2023թ. նոյեմբերի 20-ին Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Պետեր Դը Ռուվերի հետ հանդիպումը: Պետեր Դը Ռուվերը հունիսի 9-ին Բելգիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ:
«Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մեծապես աջակցություն ցուցաբերած ու Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր հարցերի վերաբերյալ սկզբունքային ու անաչառ դիրքորոշում հայտնած քաղաքական գործչի նշանակումն այդ կարևոր պաշտոնում լրացուցիչ երաշխիք է, որ նոր առաջընթաց կգրանցենք երկու խորհրդարանների հարաբերություններում»,- փաստել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ այս համատեքստում արժեքավոր ցուցիչ է նաև Բելգիայի խորհրդարանում բարեկամական խմբի արագ կազմավորումը:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականներին 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց Հայաստան այցելելու համար՝ փաստելով, որ այդ քայլը 2020 թ. պատերազմից հետո Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընդունած բանաձևերի շարունակությունն էր:
Դեսպանն իր հերթին արժևորել է երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, նշել հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման, ներդրումների խթանման կարևորությունը: Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) շրջանակում Բելգիայից Հայաստան մի խումբ գործարարների այց է նախատեսված: Վերջիններս հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով ներդրումների հնարավորությունները:
Հակոբ Արշակյանը ևս կարևորել է վերոնշյալ բնագավառներում համագործակցությունը, ներկայացրել մեր երկրի գործուն քայլերն ու միջոցառումներն այս ուղղությամբ: