Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքաշինական նորմերի պահանջների խախտումներով գործառնական և նպատակային նշանակությանը չհամապատասխանող հեղուկ վառելիքի և ածխաջրածնային գազերի լցավորման կայանների ուսումնասիրությունները:
Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ընդգծվել է, որ առանց նորմատիվային կանոնների պահպանման՝ մայրաքաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի:
Շինարարական հրապարակների ձևավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները կխստացվեն. կմշակվի համապատասխան նախագիծ:
28 փողոցների ծրագրով շարունակվում է նախկին հենասյուները փոխարինելու, էներգախնայող լեդ տեսակի լուսատուները տեղադրելու և վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնելու գործընթացը: Ներկա պահին Թումանյան և Հանրապետություն փողոցներում խրամուղու քանդման աշխատանքներ են իրականացվում: «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» հետ համատեղ ավարտին է հասցվել ընկերության ավտոշարասյան տարածքոմ 130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցումը:
Մերգելյան այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է: Այժմ իրականացվում են «Լեռնցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման գործընթացը: