Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ մայրաքաղաքի 286 վերելակներից 112-ն արդեն իսկ տեղադրվել են և ստացել դրական եզրակացություն, որից 95-ը շահագործվում են, 17-ն այս պահին ընդունման-հանձնման գործընթացով են անցնում։ 60 վերելակ կփոխարինվի առաջիկայում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ վերելակների փոխարինման գործընթացն իրականացվում է համայնքի միջոցներով:
«Այդ միջոցները Երևան քաղաքը կարողացել է հատկացնել այն ավելացված եկամուտների հաշվին, որ կարողացել է ապահովել 2024 թվականին»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետը նաև հիշեցրեց, որ 2023 թվականի համեմատությամբ մայրաքաղաքի սեփական եկամուտներն ավելացել են մոտ 40 տոկոսով. «Ե՛վ վերելակների ծրագիրը, և՛ միջին նորոգման ծրագրերը, տերմոպլաստով իրականացվող գծանշումները, նոր փողոցների կառուցումը, բազմաթիվ բակերի հիմնանորոգումներն ու կառուցումները հենց այս հավելյալ միջոցների հաշվին են արվում»։
Քաղաքապետը նաև նշեց, որ վերելակների ծրագրով մինչև 2027-2028 թվականները Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն, իսկ տեմպը պահելու դեպքում հասցնելու են: