ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարին և շնորհակալություն հայտնելով ԱԳ նախկին նախարարին։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ժան Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ֆրանսիայի ազդեցությանը ծառայելու իր բարձր առաքելության մեջ։ Ակնկալում եմ աշխատել նրա հետ՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը և շարունակելու համատեղ ջանքերը մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է նա։
Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Ստեֆան Սեժուրներին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրզոյանը գրել է․
«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր համագործակցության համար, որը հիմնված է Հայաստան-Ֆրանսիա ամուր բարեկամության վրա, որը մենք հաստատել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերության ամրապնդման և հարավկովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու այս կարևոր ժամանակաշրջանում։ Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ապագայում»։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել Ֆրանսիայի նոր կառավարության կազմը։ ԱԳ նոր նախարար է նշանակվել Եվրոպայի հարցերով նախկին նախարար-պատվիրակ Ժան-Նոյել Բարրոն։ Վերջինս այդ պաշտոնում կփոխարինի Ստեֆան Սեժուրնեին։