Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն,
շնորհավոր տոնդ։
Սիրելի՜ ժողովորդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն՝ ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու կացով, ազգային խոհանացով, հարաբերվելու մեր տեսակով։
Շնորհավորում եմ մեզ, որ ունենք հնարավորություն և առավելություն՝ որոշելու, որ անկախությունը, ազատությունը, ազատ կամարտահայտումը, ժողովրդավարությունը, արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հումանիզմը մեր երջանիկ լինելու նախապայմաններն ու անսակարակելի արժեքներն են:
Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն և առավելություն ոչ թե երազելու պետականություն, այլ կերտելու այն ամեն օր՝ հետևողականորեն, առանց հոգնելու և տրտնջալու։
Մաղթում եմ, որ մեր սիրո մեջ պաթոսի փոխարեն գերիշխի հոգատարությունը, ազնվությունը, իրատեսությունը, քաջությունն և հետևողական աշխատանքը։
Բարօրություն բոլորիս ընտանիքներին, մեր երկրին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։