ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները տնտեսական և քաղաքական ոլորտներում, նշել՝ Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության հետ կապված հարցերին՝ Զախարովան կարծիք է հայտնել, թե իբր Արևմուտքն է փորձում ազդել Երևանի վրա: Նրա խոսքով՝ պնդումը, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանը, ապատեղեկություն է: Պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Երևանը սահմանափակում է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական գործակցությունը, խոսում է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին, զուգահեռ շատ արագ մտերմանում է Արևմուտքի հետ։
«Մենք մշտապես հանդես ենք գալիս գործակցության օգտին, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում», - հավելել է Զախարովան:
Նա անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Երևան այցին և դիվանագետի հայտարարությանը, որ Մոսկվան ցանկանում է ճնշել Երևանին:
«Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում այդ խոսքերին», - հայտարարել է Զախարովան:
Նա նաև «անհեթեթ» է որակել Հայաստանում պետական հեղաշրջման փորձի հետ կապված «ռուսական հետք փնտրելը»: Զախարովան նշել է, թե ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը չպետք է զգուշանա ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ Ռուսաստանից։
Զախարովան, պատասխանելով հարցին, որ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողները պատասխանատվության չեն ենթարկվել, նշել է.
«Երկու երկրի համապատասխան մարմինները սերտ շփման մեջ են»:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Բաքու բրիտանական հետախուզության ղեկավարի և ամերիկյան ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցչի այցին, համոզմունք հայտնել, որ դա չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։