Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին։ ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ ոչնչացվել է «Հըզբոլլահի» ավելի քան 100 հրթիռային կայան: Ըստ իսրայելական կողմի՝ դրանք կարող էին միաժամանակ շուրջ 1000 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, թիրախում են հայտնվել շարժմանը պատկանող ենթակառուցվածքը և ռազմական պահեստները:
ՑԱՀԱԼ-ը խոստացել է շարունակել հարվածները և ոչնչացնել «Հըզբոլլահին»: Զինված ուժերի համոզմամբ՝ իսրայելական ուժերը ցանկանում են վերջ տալ Լիբանանի տարածքից բխող սպառնալիքներին և իրենց տներ վերադարձնել Իսրայելի հյուսիսային բնակավայրերը լքած քաղաքացիներին:
Լիբանանի հարավից էլ հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքին:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պատերազմի նոր փուլ է սկսվում, ՑԱՀԱԼ-ն այսուհետ ուշադրությունը կենտրոնացնելու է Լիբանանի հետ սահմանի ուղղությամբ: Յոավ Գալանտի խոսքով՝ հյուսիսային ճակատ նոր ուժեր են տեղափոխվում՝ պայքարելու «Հըզբոլլահ» շարժման դեմ: Վերջինիս առաջնորդն էլ նախազգուշացրել է, որ շարժումը կպատասխանի Իսրայելի գործողություններին: Հասան Նասրալլան հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, ինչի հետևանքով մեծանում է պատերազմ հայտարարելու հավանականությունը: