2024 թ․ հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Որոշում էր կայացվել` նրան ձերբակալելու մասին, որը հանձնարարվել էր Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր և հայտարարվել էր հետախուզում։
Սեպտեմբերի 20-ին նշված անձը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։
Միջնորդություն է հարուցվում դատարան՝ նշված անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։
Վերջինս մեղադրվում է այն բանում, որ դեպքի ժամանակ BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենան վարելով նշված ճանապարհահատվածով, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և կատարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:
Չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հոծ գծի առկայության պայմաններում չի իրականացրել տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և, հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան: