Սեպտեմբերի 20-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։
Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման, թվայնացման համակարգերի ներդրման, աղետների ռիսկի կառավարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։
Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։
Նա ներկայացրել է Ղազախստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Կողմերն անդրադարձել են նաև «Խելացի քաղաք» հայեցակարգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ինչպես ներկա, այնպես էլ առաջիկա ուղղությունների վերաբերյալ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման և փորձի փոխանակման շուրջ: