Սեպտեմբերի 16-ին Թբիլիսիի Սակրեբուլոյի Կրթության և մշակույթի հանձնաժողովը հատուկ հրավիրված նիստում քննարկեց անվանի արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի (1899-1979) Թբիլիսիի բնակելի տան պատին՝ Պուշկինի փողոցի 13 հասցեում, հուշատախտակ փակցնելու հարցը, որի վերաբերյալ խնդրագրով հանձնաժողովին դիմել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Նիստին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս, առաջին քարտուղար Եվա Ահարոնյանը։ Նա շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին և նախագահ Կախա Լաբուչիձեին՝ ցուցաբերած հետևողականության համար, նշելով, որ փոքր հուշատախտակը մեծ բովանդակություն կհաղորդի արդեն իսկ մշակույթով հարուստ թբիլիսյան խճանկարին՝ դառնալով ևս մեկ խոսուն վկան հայ ու վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության։
Հանձնաժողովի անդամներն իրենց հերթին հանդես եկան դրական առաջարկություններով՝ միաձայն հաստատելով Թբիլիսիի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի քննարկմանն ուղարկել հուշատախտակի տեղադրման վերաբերյալ իրենց դրական որոշումը։