Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում, հայտնում են ԱԺ-ից:
Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Հայկ Կոնջորյանն առաջարկել է քննարկումը ծավալել բաժանորդակենտրոն, քաղաքացիակենտրոն տրամաբանությամբ՝ հաշվի առնելով այն բոլոր զանգվածային դժգոհությունները, որոնք հատկապես վերջին մի քանի ամիսներին առկա են Հայաստանի մարզերում և Երևանում՝ կապված էլեկտրաէներգիայի խափանումների և դրան ածանցված բազմաթիվ խնդիրների հետ: Նա նաև ներկայացրել է քաղաքացիների մյուս դժգոհությունները՝ կապված տեխնիկայի խափանումների, փոխհատուցման մեխանիզմների, բազմաթիվ տնտեսվարողների մեծ կորուստների հետ և այլն:
«Պետք է կարողանանք քննարկումը տանել լուծման միտված ուղղությամբ, քանի որ սրանք խնդիրներ են, որոնք պարզապես չեն կարող մնալ չլուծված»,- ընդգծել է Հայկ Կոնջորյանը: Նրա դիտարկմամբ՝ պետք է հասկանալ, թե որտեղ ինչ անելիք կա, որ կառույցը որտեղ է թերանում, և եթե կա օրենսդրական նոր լուծման կարիք, ապա անել դա:
Խմբակցության ղեկավարը նշել է, որ քննարկումները կլինեն շարունակական՝ խնդրի լուծման ուղիները գտնելու համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է էլեկտրաէներգիայի հաճախակի դարձած խափանումների պատճառները՝ նշելով, որ դրանք երեքն են: Առաջին և հիմնական պատճառը, ըստ նրա, ոլորտում ենթակառուցվածքների գերմաշվածությունն է, որն առավելապես նկատելի է ցածր լարման հատվածում: Բացի այդ, համայնքներում առկա է միայն ռադիալ համակարգ, այսինքն՝ Երևանից դուրս որևէ համայնքում չկա երկսնուցման համակարգ, և ցանկացած բնույթի վթարի դեպքում հնարավոր չի լինում տարածքն ապահովել էլեկտրական հոսանքով, մինչև չվերացվի վթարը:
Երկրորդ խնդիրը կապված է ընկերության մենեջմենթի՝ կառավարման հետ: Խնդիրներ կան նաև ընկերության թեժ գծի հետ, որը, զեկուցողի խոսքով, բարելավման կարիք ունի:
Որպես երրորդ խնդիր նշվել է էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների ենթակայությամբ գործող էներգետիկ ենթակառուցվածքների վատ վիճակը: «Շատ դեպքերում նույն վթարներն ու հոսանքի անջատումներն ուղեկցվում են այդ ենթակայաններում տեղի ունեցած խնդիրներով: Այս խնդիրը բարձրաձայնել ենք նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, և, կարծում եմ, որ այստեղ որոշակի օրենսդրական փոփոխության կարիք կարող է առաջանալ, քանի որ կա օրենսդրական բաց»,- ասել է զեկուցողը:
Գարեգին Բաղրամյանը պատգամավորներին է ներկայացրել նաև սպասարկման որակի մասով արդյունքային ցուցանիշները, որոնք, ըստ զեկուցողի, կառույցը ձգտում է բարելավել: Գարեգին Բաղրամյանը պատասխանել է պատգամավորների հարցերին և դիտարկումներին, անդրադարձել ներդրումներին, աշխատանքի թերակատարումների պատճառներին, կատարվելիք աշխատանքներին, տվել պարզաբանումներ:
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի ներդրումների մեծ մասը պետք է ուղղված լիներ սպասարկման որակի բարելավմանը: 2016-2023 թվականներին նախատեսված է եղել կատարել 233 մլրդ դրամի ներդրումներ: «Ի՞նչ է տեղի ունեցել փաստացի: Գրեթե պահպանվել են 7 տարում ներդրումների ծավալները, այսինքն՝ մոտ 233 մլրդ դրամի դիմաց փաստացի 230 մլրդ դրամ ներդրում իրականացվել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Այսինքն՝ սպասարկման որակի բարելավման համար 65 մլրդ դրամով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Կան օբյեկտիվ պատճառներ. դա նոր սպառողների միացումն է: Ընդ որում` նոր սպառողների միացման համար նախատեսված է եղել մոտ 28 մլրդ դրամ, բայց տնտեսության ավելի արագ զարգացման, նոր կառուցապատման ավելի արագ տեմպերը հաշվի առնելով՝ այս թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ դրամով»,- ասել է բանախոսը:
Ծրագրերին անդրադառնալով՝ նա հայտնել է, որ 2024-2025 թվականներին նախատեսված է 6,3 մլրդ դրամով ամբողջապես վերազինել Երևանի Փոքր Կենտրոնի ենթակառուցվածքները. «Այսինքն՝ փոխվելու են բոլոր տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման լարերը, և գրեթե 100 տոկոսանոց արդյունքի ենք հասնելու: Նման պրակտիկա ենք առաջարկում նախարարության, մարզպետարանների ու համայնքների հետ քննարկել, վեր հանել ամենախնդրահարույց համայնքները, և այդ հասցեական ներդրումներն իրականացնել ամբողջական վերակառուցման արդյունքում»:
Հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խոսել է համակարգի նկատմամբ հանրության անվստահությունից, օրենսդրական կարգավորման խնդիրներից, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով ոչ միայն անհատներին, այլ նաև բիզնեսին հասցված վնասներից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ բաշխման ծառայությունը մենաշնորհ է ու հավելել՝ ազատականացման արդյունքում պետք է հասնել այն իրողության, որ ՀԷՑ-ը մատուցի միայն բաշխման ծառայություն: Նրա խոսքով՝ վաճառքն է ազատականացվել, բայց բաշխման ծառայությունն ամբողջ աշխարհում է մոնոպոլ: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ զեկուցողը նշել է, որ մեծ ծավալի ներդրումներ են արվում, սակայն 298 մլրդի ներդրումը տասնապատիկ քիչ է դեռևս 30-ականներին կառուցված համակարգն ամբողջությամբ վերազինելու համար:
Հարցուպատասխանի ձևաչափում մտահոգություն է հնչել ՀԷՑ-ի սեփականատերերի ներդրումային քաղաքականության, պարտավորությունների կատարման ընթացքի առնչությամբ: Գարեգին Բաղրամյանի գնահատմամբ՝ եթե մեզ մոտ էլեկտրաէներգիան ավելի թանկ է, ապա դա խոր պատճառներ ունի: «Տարածաշրջանի ենթակառառուցվածքները դեռևս ամբողջապես բացված չեն, մեր ազատ շուկան լիարժեք կգործի, երբ կունենանք հաստատուն կապ Վրաստանի հետ, կկարողանանք դուրս գալ ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ»,- նշել է զեկուցողը:
Պատգամավորները փորձել են հասկանալ՝ ՀԷՑ-ի աշխատաոճի, շատ դեպքերում ոչ պատասխանատու քայլերի, անհիմն հոսանքազրկումների մասով ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հնչած հարցերի առնչությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանումներ է ներկայացրել:
«Կարծում եմ՝ արդյունավետ քննարկում էր: Համոզվեցի, որ այն խնդիրները, որոնք կան էլեկտրաէներգիայի մատակարարման և ՀԵՑ-ի հետ վերջին տարիներին, չեն լուծվելու այն ստանդարտ գործիքակազմով, որոնք ունենք»,- ամփոփելով քննարկումը՝ ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ըստ նրա՝ խնդրի լուծման համար նոր գործիքակազմ է պետք: Նա հավելել է, որ թեև ՀԷՑ-ն անցած 6-7 տարիների ընթացքում, ըստ Գարեգին Բաղրամյանի, 690 մլն դոլարի ներդրումներ է կատարել, այնուամենայնիվ, իրավիճակը ոլորտում ավելի է վատացել:
Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ այն հարցադրումները, որոնք հնչեցնում են քաղաքացիները, շատ հստակ և առարկայական են: Դրանց լուծման հարցում անելիքներ ունեն թե՛ օրենսդիր և գործադիր մարմինները, թե՛ հանձնաժողովները: