ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։
Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Իր ելույթի ժամանակ նախարարը ողջունել է ներկաներին և նախարարության անելիքների մասին խոսելիս նշել է, որ նախարարության գլխավոր թիրախը տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ համայնքների համաչափ զարգացմանն ուղղված Կառավարության ծրագրերի իրականացումը՝ քաղաքականության մշակման, ենթակառուցվածքների բարելավման և այլ միջոցառումների տեսքով։
«Մեզ շատ հաճախ մեղադրում են մեծ ծավալով ճանապարհաշինարարություն իրականացնելու համար՝ ասելով, որ այլ ոլորտների նույնքան ուշադրություն չենք դարձնում, բայց աշխարհում չես գտնի զարգացած կամ զարգացող երկիր, որը չի բարելավում ճանապարհային ենթակառուցվածքները։ Երկրի տնտեսության ամբողջ զարգացումը կախված է բավարար նորմալ վիճակի ճանապարհային ցանցից։ Եվ որևէ այլ ոլորտ չի կարող զարգանալ, եթե դու այդ ցանցը չունես»,- նշել է Սանոսյանը:
Նախարարին ուղղել են հարցեր նաև էներգետիկայի, ավիացիայի, երկաթուղային տրանսպորտի և այլ ոլորտների վերաբերյալ։
Անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ նախարար Սանոսյանը նշել է, որ բավականին արագ տեմպով աճում են արևային կայանների դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ, և կարևորել է էներգետիկ համակարգի ոլորտների համաչափ զարգացումը։
Պանելային քննարկումից հետո նախարարը շրջել է մարզերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել տեղական տնտեսվարողների արտադրանքին։