Չորեքշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ պաշտպանել Է պաղեստինցիների մշակած բանաձևը, որով Իսրայելը մեկ տարվա ընթացքում պետք է դադարեցնի իր «անօրինական ներկայությունը» Գազայի հատվածում և գրավյալ Արևմտյան ափին:
Համաշխարհային կազմակերպության 193 անդամից բանաձևին կողմ է քվեարկել 124 պետություն, դեմ՝ 14-ը, ձեռնպահ՝ 43-ը։ Դեմ արտահայտվողների թվում էր ԱՄՆ-ը:
Բանաձևը պահանջում է իսրայելական զորքերի «անհապաղ» դուրսբերում և վերաբնակիչների տարհանում օկուպացված պաղեստինյան տարածքներից: Այն նաև կոչ է անում երկրներին՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են պաղեստինյան տարածքներում իսրայելական ներկայության պահպանման համար, և դադարեցնել զենքի արտահանումն Իսրայել, եթե կասկածներ կան, որ այն կարող է օգտագործվել այդ շրջաններում:
Բանաձևը նաև կոչ է անում Իսրայելին փոխհատուցում վճարել պաղեստինցիներին՝ օկուպացիայի պատճառած վնասի համար, ինչպես նաև կոչ է անում երկրներին՝ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու առևտուրը կամ ներդրումները, որոնք աջակցում են Իսրայելի ներկայությանը տարածքներում:
ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը քվեարկությունն անվանել է շրջադարձային «ազատության և արդարության համար մեր պայքարում»:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը, սակայն, դատապարտել է քվեարկությունը՝ որպես «խայտառակ որոշում, որն աջակցում է Պաղեստինի ինքնավարության դիվանագիտական ահաբեկչությանը»:
Չնայած բանաձևը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, դրա աջակցության աստիճանը խորհրդանշական նշանակություն ունի կազմակերպության 193 անդամի համար, որոնք իրավունք չունեն վետո կիրառել որոշումների վրա: