Լիբանանում «Հըզբոլլահի» զինյալների փեյջերների մի շարք պայթյուններից մեկ օր անց, որի ժամանակ առնվազն 12 մարդ զոհվեց և հազարավոր մարդիկ վիրավորվեցին, նոր պայթյուններ են որոտացել երկրի հարավում և արևելքում, ինչպես նաև Բեյրութի արվարձաններում:
Հաղորդվում է, որ այս անգամ պայթեցվել են ռադիոհաղորդիչներ, ռադիոընդունիչներ, բջջային հեռախոսներ, մեքենաների աուդիո համակարգեր և նույնիսկ տան արևային վահանակներ:
Լիբանանի առողջապահության նախարարության տրամադրած թարմացված տեղեկատվության համաձայն՝ անլար կապի սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով ամբողջ երկրում զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 450-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պայթյուններից առնվազն մեկը տեղի է ունեցել երեքշաբթի օրը փեյջերների պայթյունից զոհվածների հուղարկավորության ժամանակ։
The Times of Israel-ը, հղում անելով անվտանգության աղբյուրին, նշել է, որ պայթող շարժական ռադիոկայանները «Հեզբոլլահը» ձեռք է բերել 5 ամիս առաջ՝ փեյջերի հետ միաժամանակ։