Իլոն Մասկին պատկանող Tesla-ի և SpaceX-ի, ինչպես նաև X-ի (նախկինում Twitter-ի) աշխատակիցները 2,75 անգամ ավելի շատ գումար են նվիրաբերել նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական արշավին, քան ընտրությունում նրա հիմնական մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով OpenSecrets ոչ առևտրային կազմակերպության տվյալները։
Լրատվականի տվյալով՝ Tesla-ի աշխատակիցները Հարիսին նվիրաբերել են մոտ 42,8 հազար դոլար, իսկ SpaceX կորպորացիայի աշխատակիցներն ավելի քան 34,5 հազար դոլար են ուղարկել ներկայիս փոխնախագահի շտաբ։ Մինչդեռ Թրամփի թիմը նրանցից ստացել է մոտ 7,6 հազար դոլար: X-ի թիմն ավելի քան 13,2 հազար դոլար է ուղարկել Հարիսին և 500 դոլարից պակաս նվիրաբերել հանրապետականին: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Մասկի ենթակաները մոտ 90,5 հազար դոլար են նվիրաբերել Հարիսի շտաբին, և 32,9 հազար դոլար՝ նրա մրցակցի թիմին։
Այս կապակցությամբ գործակալությունը հիշեցնում է, որ Մասկը բազմիցս հրապարակայնորեն պաշտպանել է Թրամփի թեկնածությունը նախագահական մրցապայքարում և քննադատել ամերիկյան ներկայիս վարչակազմը։ Այդ կապակցությամբ Reuters-ը նշել է, որ թեև նրա ընկերությունների աշխատակիցների ուղարկած նվիրատվությունների չափը բավական մեծ չէ ընտրության արդյունքների վրա ազդելու համար, սակայն արտացոլում է այն զգալի բացը, որը գոյություն ունի գործարարի և նրան պատկանող ընկերությունների աշխատակիցների քաղաքական հայացքների միջև։