Հունգարիան Նիդերլանդներից հետո հայտարարել է Եվրամիության միգրացիոն կանոնների պահպանումից հրաժարվելու մտադրության մասին, հայտարարել է Հունգարիայի եվրոպական հարցերով նախարար Յանոշ Բոկան։
«Անհրաժեշտ են կոշտ միջոցներ անօրինական միգրացիայի դեմ: Այդ պատճառով էլ Բուդապեշտը ցանկանում է հայտ ներկայացնել Եվրահանձնաժողովին՝ ապաստանի վերաբերյալ ԵՄ կանոններից դուրս գալու համար»,- գրել է նախարարը X սոցցանցի իր էջում: Ավելի վաղ Նիդերլանդներն էր նմանատիպ հարցում ներկայացրել Եվրոպական գրասենյակ։
Ըստ DW-ի՝ դժվար թե Նիդերլանդներն ու Հունգարիան հաջողության հասնեն այդ նախաձեռնության հարցոում։ Այդ պետություններին ԵՄ միգրացիոն համակարգից բացառելու համար կպահանջվի միության բոլոր 27 անդամի համաձայնությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը երկար տարիներ հակամիգրացիոն քաղաքականություն է վարում և մշտական հակասության մեջ է Եվրոպական հանձնաժողովի հետ։ Բուդապեշտը ներկայումս հրաժարվում է վճարել 200 միլիոն եվրո տուգանքը, որը Եվրոպական դատարանը սահմանել է ապաստանի տրամադրման վերաբերյալ նրա սահմանափակող քաղաքականության պատճառով: Բրյուսելն էլ նախատեսել է այս գումարը հանել Հունգարիային տրամադրվելիք ԵՄ ապագա վճարումներից: