Սեպտեմբերի 30 – ից հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացում» թեմայով հրատապ քննարկումներ անցկացնելու հարցումը:
Վեհաժողովը սեպտեմբերի 30-ին, կքննարկի հրատապ բանավեճեր անցկացնելու բոլոր հարցումները և կորոշի, թե որոնք ընդունել, ասված է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Եթե Վեհաժողովը համաձայնի անցկացնել այդ քննարկումները, դրանք կներառվեն վերջնական օրակարգում, որը հասանելի կլինի սեպտեմբերի 30-ին, ընդգծել են ԵԽ մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի անվան 2024 թվականի մրցանակաբաշխությունը: Այս տարվա արարողության երեք հավակնորդներից մեկը ադրբեջանցի ակտիվիստ Ակիֆ Գուրբանովն է:
Գուրբանովը Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի և Երրորդ հանրապետության հարթակի համահիմնադիրն է: Նա ձերբակալվել էր 2024 թվականի մարտին՝ երկրում լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունների ալիքի ժամանակ, ընդգծվում Է մամուլի հաղորդագրության մեջ։
Մրցանակի մյուս երկու հավակնորդներն են վենեսուելացի ընդդիմադիր ակտիվիստ Մարիա Կորինա Մաչադոն և վրացի գենդերային ակտիվիստ Բաբուցա Պատարայան։