Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն կառույցի լիագումար նիստում հայտարարել է՝ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ և ստիպեց ավելի քան 100 000 մարդու տեղահանվել՝ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։
«Եվ մեկ տարի անց նրանցից ոչ ոք դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտությունների գերիներին, և նրանք ևս հնարավորություն չունեն վերադառնալու տուն։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությանը վտանգ է սպառնում: Բազում հուշակոթողներ արդեն ոչնչացվել են։
Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Այդ երկիրը մի քանի շաբաթից հյուրընկալելու է «COP29» համաժողովը, և բոլոր նրանք, ովքեր այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն Ադրբեջանին կոչ անել ապահովել տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին,- ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավարը։
Նատալի Լուազոն եզրափակել է՝ «աշխարհի համար պայքարը չի կարող իրականացվել այդ մարդկանց հաշվին»։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: