ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով:
Նախարարը ողջունել է «Կատարայի» պատվիրակությանը՝ կարևորելով երկու պետությունների միջև մշակույթի և ԿԳՄՍ նախարարության համակարգման այլ ոլորտների համագործակցության հնարավորությունները:
Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են հայկական կենտրոնի հիմնումը «Կատարա» մշակութային հիմնադրամում: Ժաննա Անդրեասյանը ողջունել է այս գաղափարն և ընդգծել՝ «Կատարա» հիմնադրամի բազմամշակութային հայեցակարգը շատ գնահատելի է, իսկ դրա մի մասը կազմելը՝ համահունչ է մշակույթի հանրահռչակման պետական քաղաքականությանը:
«Տարբեր մշակույթներին ծանոթանալու հարթակ ունենալը շատ կարևոր է, որը երկու պետությունների ընդհանուր արժեքների ու մշակույթի ոլորտում ընդհանուր տեսլականի ուղղությամբ համագործակցության լավ հիմք կարող է դառնալ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
«Կատարայի» գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և խոստովանել՝ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և քննարկել համագործակցության լայն ներուժը: Անդրադառնալով «Կատարայի» գործունեությանը՝ նա նշել է՝ հիմնադրամի տեսլականն է լինել համաշխարհային առաջատար հարթակ բազմամշակութային գործունեության համար: Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը կիսվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան կատարած այցի տպավորություններով: «Կատարայի» պատվիրակությունը Մատենադարանում շրջել է մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթին կարևորել է հատկապես Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուի ուսումնասիրությունը, որոնց թիվը հասնում է 3000-ի:
Պատվիրակությունը դիտել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում բացված հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժամանակակից արվեստի, գրականության, գրահրատարակչության և գրական ստեղծագործությունների թարգմանության ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում ԿԳՍՄ նախարարն առաջարկել է դիտարկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ փոխգործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ թարգմանությունների, փորձի փոխանակման, պրակտիկայի ծրագրերի իրականացման առումով:
Կողմերն անդրադարձել են նաև Կատարի համալսարանում հայ ուսանողների համար կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև «Կատարայի» կողմից մշակույթի կառավարման ոլորտի աշխատակիցների համար վերապատրաստումների կազմակերպման հնարավորություններին: