Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։
Գործադիրը բավարարել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցը նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու (ինչպես նաև արտահանելու) նպատակով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի ներդրում, որից 26 մլն-ը՝ սարքավորման ձեռքբերման, իսկ մնացած 7 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։
Ներկայումս առկա է 19 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 376,500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքի արժեքը կազմում է 26 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.9 մլն դրամ։