Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը:
Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները՝ նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար։
Օրինագծով նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրում, որը կնպաստի շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 300ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ (տրամադրման մասով) և 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք։