Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ դրանք հետևանք էին այնտեղ տեղի ունեցած պալատական հեղաշրջման: Նախարարը դրա կազմակերպիչ է համարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերին, նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Ըստ նախարարի՝ ուղիղ 10 օրվա ընթացքում նրանք լուծարեցին Լեռնային Ղարաբաղի բոլոր ինստիտուտներն ու հենց Լեռնային Ղարաբաղը:
«Մեր խնդիրը հետևյալն է. շարժվել ռեալպոլիտիկով, շարժվել Հայաստանի 29,743 քկմ տարածքի ամրապնդմամբ, մեր երկրի պետական սահմանների ամրապնդմամբ և դրանով նաև մեր ժողովրդի բարեկեցության հարցերը լուծելով:
Մենք ուրախ կլինենք այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կունենա սահմանազատված և սահմանագծված իր բոլոր սահմանները հարևանների հետ, կկնքի խաղաղության պայմանագիր, կբացվեն սահմանները Հայաստանի չորս բոլորը, կստեղծվեն տնտեսական նոր հնարավորություններ, տնտեսական մեծ աճ կունենանք էդ դեպքում, և մեր ժողովրդի համար բարեկեցության և բարգավաճման նոր շրջան կբացվի»,- նշել է Պապոյանը: