Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում վարչական շրջանների և կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության թույլտվությամբ կատարվող քանդման և վերականգնման աշխատանքների պարտադիր նորմերը:
«Շինհրապարակի ամբողջ տարածքում՝ տեսանելի վայրերում, պետք է տեղադրել կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված՝ առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսաանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով: Այսուհետ պարտադիր է նաև ասֆալտի կտրվածքի ամբողջ պարագծով իրականացնել բիտումապոլիմերային մածիկի տեղադրում»,- նշել է կոմունալ տնտեսության վարչության պետը:
Արսեն Կարոյանը նաև ընդգծել է, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է խստագույնս պահել սահմանված նորմերը՝ վարչական տույժերից և աշխատանքների կասեցումից խուսափելու նպատակով: