Կառավարությունը հաստատեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն ասաց. «Ձեր քննարկմանն է ներկայացվում երկու օրենքում և մեկ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:
Գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի կատարումը կասեցվում է, և տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով հատուկ նախատեսված չէ, որ այն ենթակա է անհապաղ կատարման: Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են հնարավորությունից, և չնայած նրանց գործունեությունն ակնհայտորեն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի և առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են և ստանում ինչ-որ ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն: Փաստացի ստացվում է, որ տարկետում են ստանում խախտումներն ուղղելու և օրենքի անվտանգ գործունեության դաշտ վերադառնալու համար:
Ներկայացվող նախագծերով առաջարկվում է լուծել այս խնդիրը, նախատեսել, որ այդ ոլորտներում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման: Հետևաբար դատարան բողոքարկումը չի տալու տարկետում: Խոսքը հետևյալի մասին է: Արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումը արգելելու վերաբերյալ կարգադրագրերի և երկրորդ կետով կազակերպությունների, շենքերի շինությունների և այլ օբյեկտների շահագործումը ամբողջովին կամ մասնակիրորեն դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե հրդեհային օրենսդրության խախտումներն անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»:
Նախագծով առաջարկվում է նաև մեկ այլ փոփոխություն: «Դրանով սահմանում ենք, որ արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ է լինելու չշահագործվող օբյեկտներից բխող հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով:
Մենք կոնսերվացման համար որ կարգավորումներ ենք սահմանել, դա ևս կարևոր առանձնահատկություն ունի, որովհետև մենք ցուցանիշներ հանեցինք: 208 տեղում բենզալցակայանների ստուգման արդյունքում 208-ի գործունեությունը դադարեցնելու արդյունքում 54-ն առհասարակ ապամոնտաժվել են: 40-ից ավելին արդեն իսկ իրենց խախտումները վերացրել են և աշխատում են: Մնացածի մասով տեսչական մարմինն ինֆորմացիա չունի, որ վերացրել են: Կարող են դեպքեր լինել, որ ուղղակի չշահագործեն, և տևական ժամանակ մնա բենզալցակայանը որպես արտադրական վտանգավոր օբյեկտ: Մենք ասում ենք՝ եթե չես շահագործելու, ապա կոնսերվացրու, եթե չես կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, եթե դրանից հետո էլ չի կոնսերվացվում, պետությունը պատվիրելու է մասնագիտացած կազմակերպությանը, որ գան կոնսերվացնեն»,- նշեց Պետրոս Մարտիրոսյանը:
«Բենզալցակայանների ապամոնտաժման պատմությունն էլ է հետաքրքրիր: Ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասը հետևյալի մասին է. որ այդտեղ ոչ մի թույլտվություն, ո՛չ նախագիծ, ո՛չ շինթույլտվություն չի եղել, ուղղակի բենզալցակայան է այդտեղ գոյացել, և այս տարիներին առանց «օֆ» անելու աշխատել են: Սա լրիվ ուրիշ ժանր է, որ այսօր էլ կա: Այնպես չէ, որ մենք հայտնաբերել ենք այդ բոլորը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: