Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացված միջոցներից 4 մլրդ 618 մլն դրամ հատկացնել ճանապարհների միջին նորոգման ծրագրի իրականացման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 19-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Այս փաթեթում ընդգրկված է 11 ճանապարհահատված, որոնց ընդհանուր երկարությունը 97,7 կիլոմետր է: Հանրապետության տարբեր մարզերի տարբեր ճանապարհներ են, որոնք այս պահին այնպիսի վիճակում են, որ հնարավորություն ունենք, ավելի քիչ գումար ծախսելով, միջին նորոգման ենթարկել և երկարացնել ճանապարհի կյանքը: Մեր 500 կմ նախանշված ծրագրի մեջ, որպես կանոն, 100-ից 150 կիլոմետրն իրականացնում ենք միջին նորոգում: Այս տարի նախատեսված է մոտավորապես 120 կմ իրականացնել. սա մոտ 100 կիլոմետրի նախագիծն է»,- ասաց Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է իրատեսական, որ այս տարի աշխատանքները կհասնեն ավարտին, դրանք մեկ ամսվա ընթացքում կատարվող աշխատանքնե՞ր են: Սանոսյանը պարզաբանեց՝ քանի որ հիմնանորոգման աշխատանքներն ավելի երկարատև են, մրցույթները հայտարարվում են հոկտեմբերից դեկտեմբեր, իսկ աշխատանքներն սկսվում են տարվա սկզբին:
«Սրանք ավելի կարճ աշխատանքներ են, մենք հիմնականում օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ենք իրականացնում: Օգոստոսին մրցույթներն ենք անում, ընտրում ենք շինարարներին, որոնք արագ հեռացնում են վերին շերտը, հեռացնում են 5 սմ, հարթեցման որոշ աշխատանք են անում և նոր շերտ են դնում: Հիմնականում հեշտ է լինում, խնդիր չի լինում: Ամեն տարի այս գրաֆիկով ենք անում»,- ասաց նախարարը:
Փաշինյանը թվարկեց նաև այն ճանապարհահատվածները, որոնք նախատեսվում է միջին նորոգման ենթարկել. դրանց թվում է Մ4-ից դեպի Պարզ լիճ տանող՝ 2,9 կմ հատվածը, Ճամբարակից Շորժա, Վարդենիս տանող ավտոճանապարհի՝ 14 կմ հատվածը, Ոսկեպարից Բաղանիս տանող՝ 4,2 կմ հատվածը և այլն: