ԲՏԱՆ-ն առաջարկում է «Թվային փոխարկման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 19-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Նշված գումարից 1 մլրդ 880 մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67 մլն 900 հազար դրամը՝ ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,- ասաց նախարարը և հավելեց, որ 1 մլրդ 940 մլն դրամը կլինի նախավերջին հատկացումը՝ ուղղված «Ինժեներական քաղաք» ծրագրին:
Ըստ նախարարի՝ քանի որ Կառավարության՝ 2020 թվականի համապատասխան որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով:
««Ինժեներական քաղաք»-ում նախատեսվում է ստեղծել ժամանակակից նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նախագծման համար նախատեսված 5 թեմատիկ լաբորատորիաներ, ինչպես նաև հետազոտական կենտրոն, որը ծառայելու է կիբեռանվտանգության խնդիրների լուծման և կիսահաղորդիչների, օդատիեզերական, խելացի սարքերի և այլ արտադրությունների համար: Գործելու են նաև ուսումնական և կրթական կենտրոններ, գիտության տեխնոլոգիաների և տիեզերքի թանգարաններ, գրադարաններ»,- ասաց նախարարը:
Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց նաև «Ինժեներական քաղաք» 1-ում աշխատողների թիվը՝ ըստ տարիների: Ըստ այդմ՝ եթե 2019 թվականին «Ինժեներական քաղաք» 1-ում կար 80 աշխատատեղ, այս պահին 350-ն են, որոնցից 300-ը ինժեներներ են: Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ:
«Այստեղ, բացի այն գումարից, միջոցներից, որ Կառավարությունը հատկացրել է «Ինժեներական քաղաքի» կառուցման համար, 22 ընկերությունների կողմից մասնավոր ընկերությունների ներդրումը կազմել է 15 մլն դոլար»,- ասաց նա: